Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Քաղաքական մոլլաների խրախճանքը

Քաղաքական մոլլաների խրախճանքը
03.03.2024 | 16:07

Արյունոտված հողս հիմա՝

նողկանքի մեջ գիշեր ու զօր,

խուլ տնքում է ենիչերու

ոտքերի տակ ահասարսուռ։

Շղթայակապ, կյանքով գերու,

զինաթափված ու վիրավոր,

խռով է և շնչից գարնան,

ծաղիկներից` ալ ու բոսոր:

Գետակների խոխոջն անգամ,

արեգակի շողը պայծառ,

թռչունները համերգաձայն

ու երեկոն հեզահամբույր

չեն փարատում հոգին նրա

ոսոխների հրեշավոր

ոճիրներից մահավկա

ու աշխարհից ստապատիր։

Վհուկների կամքով ահա

շեն տներն են դարձել ավեր,

օրորոցներն` առանց կանչեր,

Ամարասը` անուխտավոր։

Աստվածատուր հողի վրա

էլ չի հնչում Հայոց բարբառ,

այլ մոլլաներն ավարառու

կործանում են վանք ու տաճար։

Իսկ աշխարհիս տերերն ագահ

զվարթաձայն խնջույքներում,

քաղաքական բեմի վրա

աճուրդի են հանել անհուն

Հայ հայրենիքն հերոսական։

Արյունոտված հողս հիմա՝

նողկանքի մեջ գիշեր ու զօր,

խուլ տնքում է ենիչերու

ոտքերի տակ ահազարհուր։

Խոսրով Խլղաթյան

3.03.2024թ.

Դիտվել է՝ 9326

Մեկնաբանություններ